SEO ռազմավարությունն ու որակյալ կոնտենտը՝ կայքի առաջխաղացման գրավական

Կայքի SEO օպտիմալացումը թվային մարքեթինգի հզոր գործիք է, որը տալիս է կայուն ու երկարատև արդյունք՝ ապահովելով կայքի դիրքերն ու ցուցադրությունները որոնման համակարգերում: Նման արդյունքի հնարավոր է հասնել արդյունավետ SEO ռազմավարության և իհարկե, գլխավոր շարժիչ ուժի՝ կոնտենտի միջոցով:

 

Արդյո՞ք կոնտենտն այդքան կարևոր է SEO-ի համար

Կայքի տեխնիկական պարամետրերը, հետադարձ հղումները (backlink), ինչ խոսք, կարևոր են կայքի կենսագործունեության համար, սակայն որոնման համակարգերում առաջխաղացումը չի կարող հաջողության հասնել առանց որակյալ տեքստային բովանդակության՝ SEO կոնտենտի։ Եվ ահա թե ինչու․

1. Բանալի բառեր

SEO-ն առաջին հերթին բառերի մասին է: Մարդիկ ինֆորմացիան փնտրում են բառերի միջոցով, իսկ որոնողական համակարգերը վերլուծում են էջի բովանդակությունը՝ այնտեղ եղած բառերի միջոցով հասկանալով, թե ինչի մասին է էջը, և համապատասխանության դեպքում ցուցադրում են որոնման արդյունքներում: Հենց այստեղ է թաքնված հաջողության բանալին՝ ճիշտ ընտրված բանալի բառեր (հիմնաբառեր) և դրանց խելամիտ գործածություն վերնագրերում, ենթավերնագրերում, տեքստում, մետա և alt թեգերում: Միևնույն ժամանակ, սակայն, սխալ ընտրված հիմնաբառերը, դրանց չարաշահումը կամ կոնտենտի անորակ լինելը չեն կարող փրկել դրությունը և կարող են հակառակ արդյունքի հանգեցնել:

2. Արժեքավորություն

Բանալի բառերից զատ, որոնման համակարգերը մեծ ուշադրություն են դարձնում կոնտենտի եզակիությանն ու արժեքավորությանը. արժեքավոր, հանգամանալից ներկայացված, թարմ բովանդակությունը միշտ անհերքելի առավելություն է տալիս կայքին:

Այն բովանդակությունը, որը տեղեկությունները ներկայացնում է համակողմանիորեն՝ շոշափելով հարակից բոլոր թեմաները, հղումներ է տալիս հավաստի աղբյուրներին, և միևնույն ժամանակ հետաքրքիր է, արդիական ու պահանջված, ստիպում է, որ ընթերցողները երկար մնան կայքում, ուսումնասիրեն նյութն ամբողջությամբ, անցնեն հղումներով: Որպես արդյունք՝ որոնման համակարգն ազդակներ է ստանում կայքի օգտակարության վերաբերյալ, ինչը դարձյալ նպաստում է կայքէջի վարկանշմանը:

3. Ներգրավվածություն

Կայքի բովանդակությունը չպետք է միայն ապրանք կամ ծառայություն վաճառելու մասին լինի: Որոնման համակարգերից առավել շատ այցելություններ ունենալու և օգտատերերի ներգրավվածությունն ապահովելու հիանալի միջոց է կանոնավոր բլոգ վարելը: Հնարամտություն դրսևորելով և բլոգում որոնողների հարցերին պատասխանող թեմաներով հոդվածներ հրապարակելով հնարավոր է ոչ միայն շատ այցելուներ բերել կայք և պահել նրանց կայքում, այլև՝ հոդվածների միջոցով հղում տալ կայքի նպատակային էջերին և այցելուներին վերածել պոտենցիալ գնորդների:

 

Կոնտենտ + SEO = կայքի առաջխաղացման գրավական

Գրագետ, արդյունավետ SEO ռազմավարությունն ու բանալի բառերով օպտիմալացված կոնտենտը կարող են երաշխավորել կայքի հաջողությունը և տևական արդյունքը որոնման համակարգերում: SEO-ն թվային մարքեթինգի այն եզակի տեսակներից է, որն աշխատում է ձեր բիզնեսի օգտին նույնիսկ այն ժամանակ, երբ դուք չեք մտածում մարքեթինգի մասին և ոչինչ չեք պլանավորում:

Մտածված կոնտենտ մարքեթինգի արդյունքում կայքը դառնում է ոչ միայն ծառայություն առաջարկող կամ ապրանքներ վաճառող հարթակ, այլ նաև օգտակար ռեսուրս, որն օգնում է օգտատերերին և վերածվում է վստահելի աղբյուրի՝ նպաստելով նաև բիզնեսի հեղինակության աճին: