Համաշխարհային տագնապի այս օրերին մենք էլ որոշեցինք մեր կողմից փոքրիկ օգնություն ցուցաբերել հատկապես փոքր ու միջին բիզնեսին և հուշել, թե ինչպես կարելի է հայտնվել որոնման համակարգի առաջին էջում՝ չունենալով կայք և ոչ մի դրամ չծախսելով կայքի պատրաստման ու առաջխաղացման վրա:
Իսկ թե ինչու է կարևոր որոնման համակարգում և հատկապես արդյունքների առաջին էջում երևալը՝ ավելի քան պարզ է բոլորի համար.
- Մեծանում է բրենդի ճանաչելիությունը
- Ավելանում են վաճառքները:
Եվ այսպես, խոսենք Google My Business համակարգում ներկայացված լինելու մասին:
Ի՞նչ է տալիս Google My Business համակարգում գրանցումը
- Գրանցվելով այստեղ՝ Ձեր կազմակերպությունը համակարգում ունենում է սեփական այցեքարտը և բիզնես էջը, որն ինչ-որ տեղ փոխարինում է կայքին:
- Ձեր կազմակերպությունը հայտնվում է Google Maps քարտեզային համակարգում. ինչի շնորհիվ Ձեր հաճախորդները հեշտությամբ կարող են գտնել Ձեզ:
- Կազմակերպությունը հայտնվում է որոնման արդյունքների առաջին էջում՝ քարտեզի վրա նշումով:
Այստեղ նշենք մի կարևոր հանգամանք. որքան մոտ է գտնվում որոնողը, այնքան ավելի բարձր դիրքում է երևում Ձեր ընկերությունը. սա հատկապես կարևոր է շարժական սարքերով որոնման ժամանակ (սմարթֆոն, պլանշետ և այլն): Մեծ է հավանականությունը, որ որոնողները կցանկանան դիմել հատկապես մոտակայքում գտնվող ընկերությանը, իսկ դա նշանակում է, որ ընկերությունն ավելի ճանաչելի կլինի շրջակայքում:
Ցույց տամ օրինակով: Այսպես, սառնարանների վերանորոգում հարցումով համակարգչային որոնմամբ ես տեսնում եմ այսպիսի արդյունք.
Որոնման դիրքում առաջինը հայտնված ընկերությունն, ինչպես երևում է որոնման արդյունքից, չունի կայք, սակայն դա չի խանգարել, որ լինի առաջին դիրքում:
Միևնույն բանալի բառը սմարթֆոնով որոնելիս տեսնում եմ այլ պատկեր:
Այստեղ արդեն տեսնում ենք, որ արդյունքների դիրքերը փոխվել են՝ առաջին տեղում է այն ծառայությունը, որն ինձ ավելի մոտ է գտնվում:
Դե ինչ, արժե՞ գրանցվել Google My Business համակարգում
Իհա՛րկե արժե: Գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել business.google.com հասցեով, մուտք գործել gmail հաշվի մուտքանունով ու գաղտնաբառով, իսկ դրանց բացակայության դեպքում գրանցել նոր մուտքանուն:
Այստեղ արդեն պարզապես հարկավոր է հետևել համակարգի առաջադրած հարցերին և հաջորդաբար լրացնել կազմակերպության տվյալները:
Բոլոր տվյալները լրացնելուց հետո համակարգը պետք է հաստատի ընկերության տվյալները՝ որոշակի ստուգումից հետո: Ստուգումը կարող է իրականացվել ընկերության ֆիզիկական հասցեին ուղարկվող նամակի հաստատման ծածկագրով կամ հեռախոսազանգի միջոցով: Ի դեպ, հեռախոսազանգով հաստատման ֆունկցիան գուգլը վերջերս է ավելացրել:
Ավելի արագ հաստատելու համար, բնականաբար, արժե ընտրել հեռախոսով հաստատման տարբերակը. այս դեպքում համակարգն ուղարկում է հաղորդագրություն, որում նշված ծածկագիրը պետք է մուտքագրել համապատասխան դաշտում և վերջ:
Վե՞րջ, այսքա՞նը
Այսքանը: Բայց սա դեռ վերջը չէ 🙂 Որոնման արդյունքներում արդյունավետ դիրքեր ունենալու համար անհրաժեշտ է օպտիմալացնել բիզնես էջը: Դա կարող եք անել ինքնուրույն՝ առանց գումար ծախսելու: Պարզապես հետևե՛ք մեր խորհուրդներին.
- Հնարավորինս լիարժեք մուտքագրեք բիզնեսի վերաբերյալ տեղեկությունները՝ մատուցվող ծառայությունների տեսակները, բանալի բառերը, որոնք բնութագրում են Ձեր գործունեությունը:
- Տեղադրեք լուսանկարներ: Լուսանկարեք Ձեր գործունեության վայրը՝ թե՛ դրսից ու թե՛ ներսից, տեղադրեք համապատասխան բաժիններում: Սա օգնում է որոնողներին, որպեսզի ավելի հեշտությամբ գտնեն Ձեզ: Բացի դրանից, նաև վստահություն է ներշնչում կազմակերպության հանդեպ:
- Գրառումներ կատարեք: Համակարգը գրառումներ կատարելու հիանալի հնարավորություն է տալիս. այստեղ կարող եք տեղադրել թե՛ ապրանքատեսականի, թե՛ զեղչերի ու այլ միջոցառոմնեի վերաբերյալ գրառումներ և թե՛ նորություններ:
- Հաճախորդներին առաջարկեք գնահատել Ձեր ծառայությունը և կարծիք թողնել: Որքան շատ են գնահատականներն ու կարծիքները, այնքան բարձր է ընկերության վարկանիշը թե՛ որոնման համակարգում ու թե՛ որոնողների աչքին: Ուստի Ձեր հաճախորդներին առաջարկեք գնահատել ու կարծիք գրել, դա ամենևին էլ բարդ չէ:
Դե ինչ, թերևս այսքանը: Իհարկե, բիզնես էջերի հնարավորություններն այսքանով չեն սահմանափակվում, բայց դրանց մասին՝ մեկ այլ անգամ:
Հարցերի դեպքում գրե՛ք մեզ, սիրով կտրամադրենք խորհրդատվություն:
Հ.Գ. COVID-19 հետ կապված՝ հնարավոր է, որ որոշ ժամանակ բիզնես էջերի հաստատումները ձգձգվեն, սակայն դա չի խանգարում, որ այսօր իսկ գործի անցնեք:
Մարիամ Մուրադյան
Թվային մարքեթինգի խորհրդատու