Կայքի թրաֆիկի վերլուծություն. Google Analytics vs Yandex Metrika

Կայքերի այցելությունների վերաբերյալ տարատեսակ վերլուծական տվյալների ուսումնասիրության համար թվային մարքեթինգի մասնագետների մի մասը նախընտրում է օգտվել Google Analytics-ից, մի մասը՝ Yandex Metrika-յից, իսկ ոմանք էլ համատեղում են գործիքները, քանի որ այս երկու գործիքները թեև մեծ մասամբ տրամադրում են միևնույն տվյալները, սակայն շատ դեպքերում նաև լրացնում են միմյանց: Թեև երկու գործիքներն էլ բավական ծավալուն են և խորը ուսումնասիրության կարիք ունեն, սակայն հիմնական հնարավորությունների մասին կարող ենք խոսել՝ օգտակար լինելով նրանց, ովքեր ծանոթ չեն գործիքներից որևէ մեկին և ուզում են պատկերացում կազմել:

Նախ՝ խոսենք նմանությունների մասին

Google Analytics-ի և Яндекс.Метрика-յի նմանությունները

Երկու գործիքներն էլ տրամադրում են կայքի այցելությունների վերաբերյալ այնպիսի պարամետրեր և ցուցանիշներ, ինչպիսիք են՝
•  կայքերի/հավելվածների այցելությունների ընդհանուր թիվը.
•  երկրները, որտեղից ստացվում են այցելությունները.
  սարքերը (համակարգիչ, սմարթֆոն և այլն), որոնցով այցելել են.
•  այցելությունների ուղիները (որոնման համակարգերից, սոցցանցերից և այլն).
•  մուտքային էջերը (որ էջով են մտել կայք).
  նոր և վերադարձող այցելուներ քանակը.
•  սեանսները (քանի անգամ են կայք մուտք գործել):
Բոլոր այս տվյալները ներկայացվում են թվերի, աղյուսակների, դիագրամների տեսքով:

Ինչպես նկարներից երևում է, երկու համակարգերն էլ տրամադրում են այնպիսի կարևոր վարքային գործոնների վերաբերյալ տվյալներ, ինչպիսիք են՝

•  Google-ում՝ վանումների տոկոսը (bounce rate).
•  Yandex-ում՝ դիտումների խորությունը (глубина просмотра).
•  այցի միջին տևողությունը (երկուսի դեպքում էլ):
Նշված ցուցանիշները թույլ են տալիս հասկանալ օգտատերերի վարքը՝ արդյո՞ք կայքն օգտակար ու հետաքրքիր են համարել և երկար են մնացել կայքում, թե՞ անմիջապես դուրս են եկել:

Կայքի այցելուների մասին տվյալները նույնպես համակարգերը հավաքում են՝ բոլոր այցելուներին վերագրելով նույնականացման համարներ (Client ID) և յուրաքանչյուրի համար գրանցում այցելությունների քանակը, տևողությունը, գործողությունները և այլն:

Յանդեքսը, սակայն, ստեղծում է կայք այցելող օգտատերերի ավելի մանրամասն պատմություն՝ հիշելով այցելությունների քանակը, օրը, տևողությունը, գործողությունները և այլն…

Երկու համակարգերն էլ թույլ են տալիս տվյալները դիտել ընտրված ժամանակաշրջանի համար, պահպանել, ներբեռնել աղյուսակի տեսքով:

Այժմ անդրադառնանք տարբերություններին:

Google Analytics-ի և Яндекс.Метрика-յի տարբերությունները

Թեև վերը գրվածից պարզ դարձավ, որ երկու գործիքներն էլ տրամադրում են արժեքավոր և միանման տվյալներ, սակայն ունեն նաև տարբերություններ: Այդ տարբերությունն էլ հենց տվյալ գործիքի առավելությունն է:
Ներկայացնենք առանձին-առանձին:

Յանդեքսի տրամադրած առանձնահատուկ տվյալները

Յանդեքսի երևի թե ամենազիլ գործիքը այցերի տեսագրությունն է: Вебвизор (Webviser) գործիքը ցույց է տալիս կայքի վերջին 2 շաբաթվա բոլոր այցելությունները տեսագրության տեսքով:

Այս գործիքը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպիսին է կայքը օգտատերերի աչքում, ինչ գործողություններ են կատարում, որ հատվածի վրա են ավելի ուշադրություն դարձնում և հակառակը: Ավելորդ է ասել, որ նշված տվյալները թույլ կտան կատարել համապատասխան եզրահանգումներ ու բարեփոխումներ:

Քարտեզներ հատվածում Յանդեքսը մեզ ցույց է տալիս, թե կայքի որ հղումներին են ավելի շատ սեղմում, որ հատվածներին են ավելի շատ սեղմում, և որքան են սքրոլ անում դեպի ներքև:
Ինչպես և նախորդ գործիքը, սա ևս օգնում է համապատասխան եզրակացություններ անել, բարեփոխել կայքի կառուցվածքն ու դիզայնը՝ մեծացնելով կոնվերսիաների հավանականությունը:

Յանդեքս մետրիկան թույլ է տալիս տեսնել, թե կոնկրետ ո՛ր բառերով է կայքն ունեցել այցելություններ:

Գուգլն, իհարկե, այս հարցում հետ չի մնում Յանդեքսից, սակայն տվյալները տրամադրում է ոչ թե Google Analytics հարթակում, այլ Google Search Console-ում:

Գուգլի տրամադրած առանձնահատուկ տվյալները

•  «Տվյալ պահին» կայքում ակտիվ այցելուների մասին տվյալներ տրամադրում է Google-ը: Դուք կարող եք տեսնել, թե քանի ակտիվ այցելու կա կայքում տվյալ պահին:

•  Տվյալների համեմատությունը տարբեր ժամանակների կտրվածքով նույնպես Google-ի մենաշնորհն է: Այս հնարարավորությունը թույլ է տալիս ընտրել ցանկացած ժամանակահատվածի ցանկացած տվյալ և համեմատել մեկ այլ ժամանակահատվածի միևնույն տվյալների հետ:

•  Թեստային դեմո օգտահաշիվ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Google Analytics գործիքը, բայց չունեն վերջինս ինտեգրած կայք: Թեստային օգտահաշիվ կարող է ունենալ Google-ի ցանկացած օգտատեր՝ այցելելով հետևյալ հղմամբ և հետևելով քայլերին https://analytics.google.com/analytics/web/demoAccount

Երևի թե այսքանը բավական էր երկու գործիքների մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար:

Փորձենք ամփոփել՝
 երկու գործիքները տրամադրում են համանման տվյալներ
•  հաջողությամբ լրացնում են մեկը մյուսին
•  կարող են փոխարինել մյուսին, եթե տեխնիկական խնդիրներ առաջանան
 մշտապես կատարելագործվում են

Մարիամ Մուրադյան
Թվային մարքեթինգի մասնագետ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *